Գլուխ 4, Դաս 38

Գենդերային դերերն ու նրանց տեղն ընտանիքում

Ցանկացած հասարակության մեջ գենդերային դերը սահմանվում է սոցիոմշակութային չափանիշներով և ենթադրում է տարբեր մշակույթների վարքային դրսևորումներ, դրանքեն՝  մասկուլինային (տղամարդկանց) կամ ֆեմինային (կանացի) վարքերը: Որոշ մշակույթներ գենդերը սերտորեն կապում են կենսաբանական սեռի հետ: Նման մշակույթներում համարում են, որ կարծրատիպորեն մասկուլինային վարքը միայն տղամարդկանց է  բնորոշ և ողջունելի, իսկ կարծրատիպորեն ֆեմինային վարքը՝ միայն կանանց:  Գտնում են, որ գենդերային դերերը  կնոջ և տղամարդու այն կենսաբանական առանձնահատկությունների վրա են հիմնվում, ինչպիսիք են ֆիզիկական տվյալները կամ վերատրադրման ունակությունները: Համապատասխանաբար, համարում են, որ խնամքի ու դաստիարակության ունակությունները կանանց բնորոշ են կենսաբանականորեն, իսկ տղամարդկանց՝ ագրեսիվ, առաջնորդի վարքագիծը: Հայրիշխանական հասարակություններում ընտանիքում դերերի բաշխումը հիմնվում է հենց այսպիսի նախապես ձևավորված գենդերային դերերի վրա:

Գենդերային դերերին բնորոշ է ոչ թե հավասարությունը, այլև հիերարխիան:  Այն դերերը, որոնք կարծրատիպորեն որպես կնոջ բնութագրիչներ են ընկալվում, արժեզրկված են, իսկ տղամարդկանցը՝ գնահատված:  Օրինակ՝ գենդերային դերերի բաշխման պտուղն է այն, որ տանը կատարած կնոջ աշխատանքը արժեզրկված է, իսկ տանից դուրս կատարած տղամարդու աշխատանքը գնահատված և վարձատրվող:   Հաճախ գտնում են նաև, որ  տղամարդիկ խելացի են, իսկ կանանց մտավոր կարողություններն ավելի ցածր են և այլն: Ֆեմինիստ հետազոտողների կարծիքով,  նման համոզմունքները նպաստում են հայրիշխանական հասարակությունում կնոջ ճնշմանը և նրան որպես երկրորդական անձ ներկայացնելուն:  

Թեև  ժամանակակից կյանքը զգալիորեն  փոխել է ընտանիքի կառուցվածքը և ավանդական պարտավորություններն էլ ոչ այնքան հաստատուն են. ավելի ու ավելի շատ կանայք են աշխատում տանից դուրս և ավելի ու ավելի շատ տղամարդիկ են ներգրավված երեխաների դաստիարակության գործում: Իրականում, տարբերվող գենդերների միջև տարածությունը նվազում է: Ժամանակակից հասարակությունը ձգտում է ստեղծել համահավասար հասարակություն և համահավասար ընտանիք:

Ցանկալի է, որ ընտանիքի բոլոր անդամները միասին ընդունեն որոշումներ, բոլորն ունենան իրենց տեսակետը բացահայտ արտահայտելու հնարավորություն, քննադատեն և աջակցեն միմյանց և միաժամանակ ընտանիքում մնան որպես անկախ ու պատասխանատվության զգացում ունեցող անհատներ: Այս ամենը վերագրվում է նաև երեխաներին:   Հասարակությունում ավանդական և ժամանակաակից հայացքների միջև տարբերությունը բավականին մեծ է, որն էլ ընտանիքներից շատերին երկընտրանքի առջև է կանգնեցնում:     

Գենդերային դերերի ավանդական բնույթով ձևավորելն ուներ իր պատմական նախապայմանները: Ելնելով նրանից, որ նախնադարյան մարդկանց անհրաժեշտ էր բազմանալ և պահպանել գոյությունը, կարևոր էր  որսորդությունը, սննդամթերքի պաշարը, սերնդի պաշտպանությունը գիշատիչ կենդանիներից: Կանայք  հաճախակի հղիությունների, ծննդաբերությունների  և երեխաներին խնամելու պատճառով ստիպված էին մնալ տանը և հոգ տանել սերնդի մասին, իսկ տղամարդիկ ստիպված էին աշխատել տանից դուրս, որսորդությամբ և այլ ճանապարհներով հայթայթել սնունդ: 

Այսօր, երբ կանայք կարող են վերահսկել ծնելիությունը, երբ մարդիկ ստիպված չեն պաշտպանվել կենդանիներից և ապրուստ հայթայթելը կապված չէ որսորդության հետ, գենդերային դերերի հին ձևով բաշխումը կորցնում է իր իմաստը:  Կանանց անհրաժեշտ եղան դարեր, որպեսզի կարողանան ձեռք բերել տղամարդկանց համահավասար իրավունքներ ու կարգավիճակ: Կանանցից շատերն այսօր կարողանում են  ապրել լիարժեք կյանքով,անձամբ ծրագրել սեփական ընտանիքն ու ունենալ ցանկալի կարիերա: Թեև մի շարք հասարակություններում կրկին գտնում են, որ կնոջ գլխավոր դերը երեխաներ ծնելն ու մայրությունն է: Եթե ընտանիքում հաստատված են ավանդական գենդերային դերերը, ապա նման ընտանիքներում կանայք և աղջիկները կրկին ստիպված են  պայքարել իրենց իրավունքների համար և ապացուցել, որ նրանք հավասար են տղամարդկանց: 

 

Հավասարության հետ կապված հիմնախնդիրները ընտանիքում

Ժամանակակից սոցիալական կառուցվածքը կանանց և տղամարդկանց համարում է  հասարակության լիիրավ անդամներ՝ հավասար իրավունքներով, կարգավիճակով և պատասխանատվություններով: Թեև ընտանիքներից շատերը կրկին կազմված են ոչ թե հավասար ամուսիններից, այլ հեղինակություն վայելող հորից և հնազանդ մորից: Այդպիսի ընտանիքներում դաստիարակվող երեխաներն իրենց ընտանիքները ստեղծելիս  հնարավոր է նմանատիպ ակնկալիքներ ունենան ամուսիններից:

Հավասար կարգավիճակը կարող է զայրացնել ամուսնուն, որն իրեն առավել է համարում կնոջից: Եթե անձին չեն դաստիարակել հավասարության նկատմամբ հարգանքով լինել, ապա նրան բավականին ժամանակ է հարկավոր նոր սոցիոմշակութային կառուցվածքին ընտելանալու համար:  

 

Տարաձայնությունն ընտանեկան պատասխանատվություններում

Ընտանիքը միայն մեկ կտուրի տակ բնակվողների ինստիտուտ չէ: Վերջինս  համախոհ կամ միմյանց սիրող անձանց միավորում է, որի յուրաքանչյուր անդամ ունի իր պարտականություններն ու պատասխանատվությունները: Պարտականությունների ու պատասխանատվությունների բաշխումը նորակառույց ընտանիքում պետք է ընթանա  համաձայնությամբ և այդ կարգը  պարբերաբար պետք է վերանայվի:    

Այսօր ծնողներից երկուսն էլ՝ և՛ մայրը, և՛ հայրն աշխատում են, գումար են հավաքում ընտանիքի համար, ունեն հավասար սոցիալական կարգավիճակ և ֆինանսական անկախություն: Այդ տեսանկյունից, տնային տնտեսուհու աշխատանքը դառնում է ոչ թե կոնկրետ մեկ անձի, այլև ընտանիքի յուրաքանչյուր անդամի պարտականությունը: Միմյանց հարմարվելն ու իրար հասկանալը այն ասպեկտներն են, որոնք օգնում են ընտանիքին ապրել առանց ցավ պատճառելու, որպես միասնական կառուցվածք, իսկ հնացած գենդերային դերերից կառչելը կարող է միայն վատթարացնել առկա իրավիճակը:    

 

Երեխաներն ու գենդերային դերը

Ավանդական ընտանեկան համակարգում, որտեղ մայրը միայն տան աշխատանքն էր կատարում, իսկ հայրն աշխատում էր տանից դուրս, երեխաների խնամքն ու դաստիարակությունը մեծ մասամբ ընկած էր կնոջ ուսերին, ինչից ելնելով կինը մասնագիտական բնագավառում չուներ առաջխաղացման հնարավորություն, իսկ տղամարդու դերն ընտանիքում այնքանով էր սահմանափակում, որ հաճախ երեխաների մոտ հոր նկատմամբ օտարության կամ վախի զգացում էր առաջանում: Ժամանակակից ապրելաոճով երկու ծնողն էլ աշխատում են տանից դուրս, երեխաների դաստիարակության գործում անհրաժեշտ է դառնում ներգրավել կրթա-դաստիարակչական հաստատություններ, ինչպիսիք են՝ մանկապարտեզը, դպրոցը: Հաճախ երեխայի դաստիարակությանը մասնակցում են նաև տատիկ-պապիկները և դայակները: Կարևոր է, որ ծնողը ժամանակ հատկացնի երեխաների հետ անցկացնելու համար: Երեխայի դաստիարակությունը նախևառաջ ծնողի պարտականությունն է: Հավասարակշռության պահպանումը աշխատանքի, տնային գործերի և ծնողական պարտականությունների միջև բավականին բարդ է, այդ պատճառով կարևոր է պետության դերը, որը երկրում պետք է ստեղծի այնպիսի աշխատանքային մթնոլորտ, որտեղ հնարավոր է հավասարակշռություն պահպանել ծնողական պարտականությունների ու  կարիերայի միջև: Միաժամանակ ընտանիքի մյուս անդամների հետ միասին երեխաները պետք է պատրաստ լինեն մասնակցել ընտանեկան գործերին: Դա կօգնի նրանց ավելի լավ հասկանալ ծնողների վիճակը, ներգրավվել ընդհանուր ընտանեկան տնտեսության մեջ և ձեռք բերել այն անհրաժեշտ ունակությունները, որոնք հարկավոր են ինքնուրույն կյանքի հասնելու համար: Ցանկացած անձ պետք է կարողանա լիարժեքորեն հոգ տանել իր մասին:  

Եթե դասի վերաբերյալ մեկնաբանություններ, հարցեր կամ խորհուրդներ ունեք: Գրե՛ք մեզ