Յուրաքանչյուր մշակույթ ունի իր նորմերը, տաբուներն ու տարբերվող հայացքները կապված սեքսուալության հետ: Վերոնշյալից ելնելով, մշակույթներն ու երկրները պայմանականորեն կարող ենք բաժանել երկու մասի. Պլյուրալիստական և հայրիշխանական (պահպանողական) հասարակություն ունեցող: Պլյուրալիստական հասարակությունում, տարբերվող տեսակետեր ու ապրելակերպ ունենալու անհատի իրավունքը հարգված է: Ինչ վերաբերում է հայրիշխանական հասարակությանը, այնտեղի բնակիչներն ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերում տարբերվող կողմնորոշում և նույնականացում ունեցող անձանց նկատմամբ, վտարում են նրանց, հասցնում բանավոր և ֆիզիկական վիրավորանք, հետապնդում, այդ թվում ոչ քաղաքակիրթ մեթոդներով և այդպիսով փորձում անհետացնել կամ աննկատ դարձնել տարբերվող անձանց առկայությունը:
Հասարակության մեծամասնության շրջանում դեռահասների սեքսուալության մասին գոյություն ունեն չգրված օրենքներ: Սեքսուալության մասին սոցիալական հաղորդագրությունները հաճախ մշուշոտ ու փոխհակասական են: Բացի այդ, հնարավոր է միմյանցից տարբերվեն նաև սեքսուալության հետ կապված անհատի ընտանիքի ու սոցիումի հայացքները: Ընդունել այն արժեքները, որոնք տարբերվում են անձի ընտանեկան ավանդույթներից, դեռահասի համար բավականին բարդ է, քանի որ նրանք միմյանց են հակադրվում հիմնարար հարցերում և թողնում նրան անորոշության մեջ, թե ո՞ր կողմը հարգել: Դեռահասի հիմնարար իրավունքները չոտնահարվելու նպատակով, անհրաժեշտ է, որ նա քննադատորեն գնահատի տարբեր աղբյուրներից ստացած տեղեկատվությունը, վերլուծի և ընտրի օպտիմալ, իր համար ընդունելի վարքի նորմերը, որոնք նա կպաշտպանի և դրանով իրեն չի զգա ճնշված: Անհատները ոչ մի դեպքում չպետք է ընդունեն որոշումներ միայն այն պատճառով, որ կոնկրետ հարցը կամ վարքագիծը ճիշտ են համարում նրան շրջապատողները: Նրանք պետք է գործեն իրենց հայեցողությամբ:
Սեքսուալությունն ու կրոնը
Սեքսուալության հետ կապված կրոնական հայացքները ազդեցություն են գործում մարդկանց անկախության և վարքի վրա: Որոշ ընտանիքներ ապրում են այս կամ այն կրոնական ծեսերի համաձայն, իսկ ոմանք՝ ոչ: Կրոնը մարդկանց ուսուցանում է սիրել միմյանց, պատշաճ վարվել միմյանց նկատմամբ: Բացի այդ, տարբեր կրոններ տարբեր արժեքների վրա են սևեռում ուշադրությունը: Կրոնների մեծամասնությունը քարոզում է, որ սեռական կապ պետք է հաստատել միայն ամուսնությունից հետո: Հայրիշխանական երկրներում, վերոնշյալ կարգի պահպանությունը գործնականում պահանջվում է միայն կանանցից, իսկ տղամարդկանցից՝ ոչ: Կրոնները, որոնք ճնշում են մարդկանց սեքսուալ հայացքները կոչվում են պահպանողականներ, դրանց հակադարձն է լիբերալ և համեմատաբար ազատ կրոնները, որոնք այս հարցում ավելի քիչ են սահմանափակում ազատության շրջանակը: Մարդու հավատքը կարող է մեծ դեր խաղալ նրա կյանքում սեքսուալության հետ կապված որոշում ընդունելիս: Եթե երկու անձ ունեն միմյանցից տարբերվող սեքսուալ հայացքներ և արժեքներ, ապա կոնֆլիկտն ակնկալելի է: Որոշ մարդիկ այսօր ևս հարգում են այն, ինչ ուսուցանում է կրոնական դավանանքը, թեև իրենց կյանքում չեն պահպանում այդ կարգը: Տարբեր կրոնական հայացքներ ունեցող զուգընկերների միջև սեքսուալ հարցերի շուրջ դժվար է հասնել կոնսեսնսուսի (համաձայնություն), քանի որ նրանք գործում են ոչ թե սեփական կարծիքի, այլ ուրիշի հորդորած ծեսերի համաձայն: Ժամանակակից աշխարհում ազատ սեռական հարաբերությունները, այդ թվում լեզբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց բացահայտորեն ընդունում է հոգևորականների հետզհետե աճող թիվը:
Բազմազանություն
Մշակույթ, էթնիկ պատկանելություն, ռասա, կրոն, սեռ, սեքսուալ կողմնորոշում, գենդերային նույնականություն, ֆիզիկական կարողություններ, տարիք - սա այն չնչին թվարկացանկն է, որը կարևոր ազդեցություն է գործում անձի մտածելակերպի, վարվելակերպի, ապրելակերպի և տեսքի վրա: Խտրականությունը արգելվում է օրենքով, քանի որ այն սահմանափակում է յուրաքանչյուր անձի կարողությունների առավելագույնը ամբողջությամբ կիրառելու հասարակության պոտենցյալը: Խտրականությունը բացասական ազդեցություն է գործում անհատի, ընտանիքի և հասարակության վրա, թեև որոշակի նշանից ելնելով մարդիկ հաճախ են դառնում խտրականության զոհ, ինչը նվազեցնում է նրանց ինքնագնահատականը, ստեղծում անհավասար միջավայր և կարողություններ, ֆիզիկական և էմոցիոնալ հիմնախնդիրներ և այլն: Իրականում, մարդկանց կյանքը հարուստ է այն ժամանակ, երբ նրանք ըմբռնումով են մոտենում և բացահայտորեն ընդունում բազմազանությունը: Հասարակությունն ավելի արդյունավետ է, երբ նրա տարբերվող անձինք հարգալից են վերաբերվում միմյանց հայացքներին: Մարդիկ ունեն, խտրականությունը բողոքարկելու և փոքրամասնություններին աջակցելու իրավունք, նրանց իրավունքները ոտնահարվելու դեպքում: Որպեսզի պայքարն ունենա արդյունք, օրենքը, ոստիկանությունը և պատիժը հիմնախնդիրների դեմ պետք է գործեն համաձայնեցված և արդյունավետ:
Սեքսուալությունն ու լրատվամիջոցները
Լրատվամիջոցը մեծ ազդեցություն է գործում սեքսուալ տեղեկատվության, արժեքների և վարքագծի վրա: Սոցցանցերի, հեռուստատեսության, ռադիոյի, ֆիլմի, գրքի կամ ամսագրի միջոցով տարածվող տեղեկատվությունը միշտ չէ, որ ստույգ է: Արդիականության համար բնորոշ է ստանալ շատ տեղեկատվություն, որի մեծ մասը անորակ է, ստուգված չէ, չի հիմնվում փաստերի ու հետազոտությունների վրա, ծայրահեղ մակերեսային է և հաճախ ամրապնդում է արդեն գոյություն ունեցող սխալ պատկերացումները այս կամ այն առարկայի, այդ թվում նաև սեքսուալության մասին:
Զանգվածային տեղեկատվության միջոցները կարծրատիպեր պարտադրելու ամենահզոր գործիքներից մեկն է: ԶԼՄ-ները հաճախ մարդուն կարծրատիպերով մտածելակերպին են ընտելացնում: Դրա արդյունքում տեղեկատվության սպառողի մտավոր մակարդակը այնքան է ընկնում, որ գիտակցության մեջ կարծրատիպեր հաստատելու անհրաժեշտ գործիքներից մեկը դառնում է կրկնությունը: Ժամանակի անբավարարությունը, ինչպես նաև օպերատիվության ապահովման և լսարանի վրա առավելագույն ազդեցություն գործելու անհրաժեշտությունը տանում է դեպի այն, որ լրագրողները նախապատվությունը տալիս են տեսարաններին և սենսացիոն երևույթներին և ոչ թե հարցի վերլուծությանն ու խորաթափանց ուսումնասիրությանը:
ԶԼՄ-ների աշխատանքի մեթոդներից մեկն է նաև տեղեկատվության առասպելացումը (հուն. mythos-ասք, առասպել): Մարդու գիտակցության մեջ առասպելներ ամրապնդելու տեխնիկան ԶԼՄ-ներում մեծ դեր է խաղում: Առասպելները ամրապնդվում են գիտակցության մեջ և ազդեցություն են գործում մարդու զգացմունքների ու վարքագծի վրա: Առասպելները չափազանց կենսունակ են, ինչը բխում է նրանից, որ իրական փաստերն ու իրադարձությունները շրջանցելով նրանք արդեն երաշխավորած ունեն ճշմարտության ու դոգմայի կարգավիճակը: Ի վերջո, տեղեկատվությունը, որի իրականությունը ստուգելու ցանկություն կամ հնարավորություն տեղեկատվություն ստացողը չի ունեցել, ընդունում է այն որպես լիակատար ճշմարտություն միայն ու միայն այն պատճառով, որ այն լիովին համապատասխանում է իր պատկերացումների մեջ գոյություն ունեցող աշխարհի պատկերին: Արդյունքում ստանում ենք այն իրավիճակը, երբ մարդիկ իրական փաստերը ըմբռնում են որպես հիմարություն, իսկ կարծրատիպերին ու առասպելներին ՝ հավատում:
Սեքսուալությունն ու արվեստը
Սեքսուալ և էրոտիկ բնույթի նկարները/պատկերները արվեստում սովորական երևույթ է: Դրանք հաճախ արտացոլված են երաժշտության մեջ, ֆիլմերում, դրամատուրգիայում և գրականության մեջ: Սեքսուալ նկարների բնօրինակը պատմության ընթացքում փոխվում և կատարելագործվում էր: Որոշ մարդկանց համար սեքսուալ և համարձակ նկարը հնարավոր է լինի անպարկեշտ: Էրոտիկ նկարների ներգործության արդյունքը հասարակության վրա բավականին ակնհայտ է և այս կամ այն ժամանակ ստեղծված նմուշը կարող է արտացոլել, թե սեքսուալության մասին ինչ էր մտածում անձը այդ նմուշի ստեղծման ժամանակաշրջանում: Չնայած նրա, որ էրոտիկ աշխատությունները ևս համարվում են արվեստի մասերից մեկը և կազմում բավականին մեծ մասը, որոշ մարդիկ առ այսօր փորձում են սահմանափակել այն և պահել շրջանակներում: