Գլուխ 2, Դաս 22

Սահմանադրության հիմնական սկզբունքները

Սահմանադրությունը կարևորագույն իրավական փաստաթուղթ է, որտեղ տրված են այն սկզբունքներն ու արժեքները, որոնք ծառայում են պետության և նրա քաղաքացիների բարեկեցությանը հասնելուն: Ազատության, հավասարության և կարգուկանոնի սահմանադրական հարաբերակցությունը ստեղծում է այնպիսի կառավարում, որտեղ ապահովված են մարդու իրավունքներն ու ազատությունները, իշխանությունը կաշկանդված է այդ իրավունքներով ու ազատություններով, և անհատի հետ փոխհարաբերություններում նրա ինքնիշանության հնարավորությունը սահմանափակված է:1 

Սահմանադրություն տերմինը լատիներեն բառ է, նշանակում է «հաստատում», «որոշում», «կառուցվածք»: Ժամանակակից ըմբռնմամբ դա պետության հիմնական օրենքն է, որտեղ նախատեսված են երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական, հասարակական կառուցվածքի հիմքերը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կրթության և պետական մարմինների գործելու համակարգը և այլ սահմանադրական սկզբունքներ ու մեխանիզմներ:2

Հետաքրքիր է, որ ժամանակակից պետությունների սահմանադրությունների շարքում գործնականորեն գոյություն չունի երկու այնպիսի սահմանադրություն, որոնք ունենան բացարձակապես նույնատեսակ բովանդակություն: Թեպետ, այնուամենայնիվ, տեղի է ունենում նրանց պայմանական դասակարգումը տարբեր հատկանիշների հիման վրա, որոնց մասին կխոսենք ստորև: Այստեղ պետք է նշել նաև, որ այս թվարկը սպառիչ չէ:

Գրված և չգրված սահմանադրություններ 

Արտահայտման ձևի համաձայն՝ տարբերում են գրված և չգրված սահմանադրությունները: Առաջինը ենթադրվում է միասնական, համակարգված նորմատիվ ակտ, որն ընդունված է պետական իշխանության բարձրագույն մարմնի կողմից և հայտարարված  է , որպես երկրի հիմնական օրենք:3

Ինչ վերաբերում է  չգրված սահմանադրությանը, այս հասկացությունը կապված է անցած դարի այն ժամանակաշրջանի  հետ, երբ պետությունների մեծ մասը դեռևս չունեին  հիմնական օրենք, և գործող կանոններն ու նորմերն ունեին չհամակարգված ձև: Այդ դեպքում  երկրում ավանդաբար գործում է ձևական սահմանադրությունը, որը կազմված է տարբեր օրենսդրական ակտերից, սահմանադրական սովորույթներից և նախադեպերից: Սրա հետ մեկտեղ այդ միասնությունը  ճանաչված  չէ  որպես միասնական օրենք: Չգրված սահմանադրության կարգավորման առարկան նույնն է, ինչ գրվածինը: Նմանօրինակ սահմանադրության դասական օրինակներ են Միացյալ Թագավորության, Նոր Զելանդիայի և Իսրայելի չգրված սահմանադրությունները:  

Մշտական և ժամանակավոր սահմանադրություններ

Սահմանադրական ակտի կամ այլ երկրի հիմնական օրենքի վավերականության ժամկետի համաձայն՝ տարբերում են մշտական և ժամանակավոր սահմանադրությունները: Ժամանակավոր է այն սահմանադրությունը, որը նախանշված է որոշակի ժամանակով գործելու համար: Սահմանադրության ժամանակավոր լինելը սահմանում է այն ժամկետի նշանակումը, որի ընթացքում պետք է գործի սահմանադրությունը կամ այն փաստի, իրադարձության  սահմանումը, որը տեղի ունենալուց հետո սահմանադրությունը պետք է ընդհատի գործել: Մշտական է այն սահմանադրությունը, որը նախատեսված է անսահմանափակ ժամանակով գործելու համար: Թեև դա չի նշանակում, որ այն պետք է գործի  մշտապես և չի թույլատրվում սահմանադրության մեջ մտցնել փոփոխություններ կամ լրացումներ: Նման սահմանադրություն փաստացիորեն գոյություն չունի: 

Ճկուն և կայուն սահմանադրություն

Փոփոխություններ և լրացումներ մտցնելու համաձայն՝ տարբերում են ճկուն և կայուն սահմանադրությունները: Ճկուն է այն  սահմանադրությունը, որի համար  սահմանված է փոփոխություններ և լրացումներ մտցնելու այն նույն կարգը, որը սահմանվում է սովորական օրենքների համար, օրինակ՝ Անգլիայում: Կայուն սահմանադրությունը նախատեսում է  փոփոխություններ և լրացումներ մտցնելու բարդ մեխանիզմ: Կայուն սահմանադրությունների շարքում երբեմն առանձնացնում են հատկապես կայուն սահմանադրությունները: Որպես օրինակ կարող ենք բերել ԱՄՆ-ի սահմանադրության 5-րդ հոդվածը, որի համաձայն. «Եթե յուրաքանչյուր պալատի անդամների երկու երրորդը դա անհրաժեշտ համարի, ապա կոնգրեսը պետք է ներկայացնի առաջարկներ այդ սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ, կամ առանձին նահանգների օրենսդիր հաստատությունների երկու երրորդի պահանջով պետք է հրավիրի կոնվենտ ուղղումները քննարկելու համար, որոնք երկու դեպքում էլ կունենան էական ուժ և կդիտարկվեն որպես այդ սահմանադրության մաս, երբ   կվավերացվեն առանձին նահանգների օրենսդիր հաստատությունների երեք չորրորդի կամ կոնվենտին ներկաների  երեք չորրորդի  կողմից...»:

Ընդունման կարգի համաձայն՝ տարբերում են իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմինների կողմից և հանրաքվեի ճանապարհով ընդունած սահնադրությունները: Նույն հատկանիշիհամաձայն՝ առանձնացնում են շնորհված (Ֆրանս.՝ octroyer բառից)  սահմանադրությունները: Նշում են երկու տեսակի նման սահմանադրություն՝ ներքին, երբ միապետը իր ժողովրդին նվիրում է սահմանադրությունը և արտաքին՝ նախկին մետրոպոլիան (մայր երկիր) սահմանադրությունը թողնում է նախկին գաղութին: 

 

Վրաստանի 1995 թվականի սահմանադրության հիմնական սկզբունքները

Սահմանադրության տեսակներին ծանոթանալուց հետո, ուշադրությունն ուզում ենք սևեռել  Վրաստանի 1995 թվականի սահմանադրությանը: Նախատեսելով վերոնշյալ կարգերը՝ մեր սահմանադրությունն իրենից ներկայացնում է գրված, մշտապես գործող և կայուն սահմանադրություն, քանի որ սահմանված է սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու բարդ կարգը:  

Ինչպես գիտեք նախորդ դասերից, Վրաստանի առաջին սահմանադրությունը 1921 թվականի սահմանադրությունն էր: Թեպետ, ելնելով Վրաստանի խորհրդայնացումից,  այն փաստացիորեն  չկարողանավ մտնել ուժի մեջ:

Վրաստանի վերջին և այժմ գործող սահմանադրությունը, որը հիմնված է 1921 թվականի սահմանադրության հիմնական սկզբունքների վրա, 1995 թվականի օգոստոսի 24-ին ընդունեց Վրաստանի խորհրդարանը, որով էլ սկզբնական խմբագրությամբ Վրաստանում հաստատվեց ամերիկյան մոդելի վրա կենտրոնացած նախագահական տիպի հանրապետությունը: Թեպետ  հետագայում, 2004 թվականի փետրվարի 6-ի և 2010 թվականի հոկտեմբերի 15-ի սահմանադրական բարեփոխումներով, Վրաստանը դեռ անցավ կիսանախագահական համակարգի, իսկ այնուհետև՝ կիսախորհրդարանական մոդելի:

1995 թվականի սահմանադրությունը կարևոր է այնքանով, որ արտահայտում է ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն կառուցելու, պետական անկախություն և այլ ժողովուրդների հետ խաղաղ փոխհարաբերություններ  հաստատելու, մարդու համընդհանուր ճանաչված իրավունքներն ու ազատություններն ապահովելու կամքը: Բացի այդ, այն հիմնվում է այն սկզբունքների վրա, ինչպիսիք են իրավական պետության, օրենքի գերակայության, իշխանության բաշխման և ժողովրդական ինքնիշխանության սկզբունքները:

Իրավական պետության, օրենքի գերակայության և իշխանության բաշխման սկզբունքի մասին մենք արդեն զրուցել ենք: Հետևաբար, այս դասի մեջ կանդրադառնանք ժողովրդական ինքնիշխանության և ժողովրդավարական կառավարման սկզբունքներին:

 

Ժողովրդական ինքնիշխանության սկզբունքը

Ինչպես նշում է Վրաստանի սահմանադրական դատարանը, «ժողովրդական ինքնիշխանությունը մեծ մասամբ  իրականացվում է ներկայացուցչական ժողովրդավարության սկզբունքի միջոցով: Ընտրելով ներկայացուցիչ՝ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի սեփական իշխանությունը փոխանցում է նրան և դրանով տալիս կարևոր որոշումներ կայացնելու, Վրաստանը կառավարելու օրինականացում: Ընտրությունը ինստիտուցիոն մեխանիզմ է, որն ընթացք է տալիս ժողովրդավարությանը: «Ժողովրդի կառավարումն» իրականացնելու համար, ժողովուրդը պետք է մասնակցի քաղաքականությանը, որի  լավագույն ճանապարհն  ընտրություններն են: Ընտրությունները մարդկանց մոտ, ինքնըստինքյան, այն զագցումն ու հավատն են առաջացնում, որ նրանք անմիջականորեն մասնակցում են պետության կառավարմանը՝ «ընտրելով իրենց ընտրյալներին կամ անձամբ են ընտրյալներ»:

Հետևաբար, ժողովրդական ինքնիշխանության իրականացմամբ, հասարակությունը պետության կառավարման ղեկը  հանձնում է իր կողմից ընտրված իշխանության ներկայացուցիչներին:  

Ժողովրդավարական կառավարման սկզբունք

Երկրի ժողովրդավարական զարգացման համար  ամենակարևորներն են  հավասարությունը, հասարակության ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը  հասարակական և քաղաքական գործընթացներին, քաղաքական պլյուրալիզմը (բազմակարծություն), ազատ և արդար ընտրությունները և իշխանության բաշխումը:  Դրանցից յուրաքանչյուրը ժողովրդավարության հիմնարար արժեքներն ու սկզբունքներն են ներկայացնում,  որոնցից զատ  երկրում անհավանական է ժողովրդավարական կառավարման  առկայությունը:

Ելնելով նրանից, որ նախորդ դասերից արդեն ունեք որոշակի պատկերացում   ժողովրդավարության մասին, տվյալ դասին ավելի մանրամասն կխոսենք ժամանակակից ժողովրդավարության զարգացման միտումների և լիբերալ (ազատական), այսինքն՝ ներկայացուցչական ժողովրդավարության մասին:

 

Ժողովրդավարության ձևերը

Ժամանակակից ժողովրդավարական պետություններում ներկայացված կառավարման համակարգերը զգալիորեն տարբերվում են  միմյանցից: Առանձնացնում են  ուղիղ կամ ուղղակի  և ներկայացուցչական (լիբերալ) ժողովրդավարությունները:

Ուղիղ(անմիջական)  ժողովրդավարությունը կառավարման այն ձևն է, երբ քաղաքական որոշումների ընդունման իրավունքն իրականացվում է ուղղակի կարգով քաղաքացիների միասնականության կողմից, որոնք ենթարկվում են մեծամասնության կանոնների  ընթացակարգերին: Նման մոդելը իրագործվում է միայն ծայրահեղ փոքր պետական գոյացություններում: Համապատասխանաբար, ժամանակակից ժողովրդավարական համակարգերից ոչ մեկը լիովին  չի հիմնվում ուղիղ ժողովրդավարության սկզբունքների վրա, թեև որոշակիորեն ներառում է նրա առանձին տարրերը: Ուղիղ ժողովրդավարության ինստիտուտների օրինակներն են՝ ռեֆերենդումը (հանրաքվե, հանրավճիռ), համընդհանուր-ժողովրդական հարցում (պլեբիսցիտ (հանրաքվե)), ժողովրդական օրենսդրական նախաձեռնություն և այլն:4 Այսօրվա դրությամբ, ուղիղ ժողովրդավարություն ունեցող երկիր է հանդիսանում  Շվեյցարիան:  

Լիբերալ, այսինքն՝ ներկայացուցչական ժողովրդավարությունը ժողովրդավարության ամենատարածված տեսակն է: Առանձնացնում են նրա երեք հիմնական հատկությունները. 1. Քաղաքական որոշումներ ընդունելու ժողովրդի իրավունքն իրականացվում է ոչ թե անմիջապես, այլ իր կողմից ընտրված և իր առջև հաշվետու ներկայացուցիչների միջոցով, որոնց քաղաքական իշխանությունը փոխանցվում է ձևական քաղաքական հավասարության վրա հաստատված կանոնավոր ընտրություններում հաղթանակելու միջոցով «մեկ մարդ՝ մեկ ձայն»: 2. Այն հիմնվում է մրցակից քաղաքական կուսակցությունների միջև մրցակցության և ընտրողի ընտրության վրա և ապահովված է քաղաքական պլյուրալիզմով (բազմակարծությամբ): 3. Այն միմյանցից կտրականորեն առանձնացնում է պետությունն ու քաղաքացիական հասարակությունը, ինչն արտահայտվում է ինչպես իշխանության ներքին և արտաքին սահմանափակումներում, այնպես էլ ինքնավար խմբերի ու շահերի, ինչպես նաև շուկայի, այսինքն՝ տնտեսական կյանքի կապիտալիստական կազմակերպության առկայության մեջ (Է. Հեյվուդ, քաղաքական գաղափարախոսություններ): Ներկայացուցչական ժողովրդավարություն ունեցող երկրների շարքում են ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և այլն:

Ներկայացուցչական ժողովրդավարությունն, իր հերթին, զուգորդվում է կառավարման երկու հիմնական համակարգի՝ խորհրդարանական և նախագահական ժողովրդավարությունների հետ: 

Խորհրդարանականժողովրդավարություն. Կառավարման այս ձևում կենտրոնական դերը պատկանում է խորհրդարանին: Գործադիր իշխանությունը ղեկավարում է վարչապետը, որը կախյալ է խորհրդարանի կամքից: Երկրի հրամանատարն ունի չնչին գործադիր իրավասություն կամ ընդհանրապես զուրկ է այդ իրավասությունից և կատարում է միայն ներկայացուցչական պարտականություն 5: Խորհրդարանական ժողովրդավարության երկրների շարքում  հատկանշական են՝ Ավստրիան, Չեխիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան և Մեծ Բրիտանիան: 

Նախագահական ժողովրդավարություն. Գործադիր իշղխանությունը ղեկավարում է պետության հրամանատարը (նախագահը), որն ընտրվում է ժողովրդի կողմից ուղիղ ընտրության  կարգով և կախված չէ խորհրդարանի կամքից: Այսօրվա դրությամբ, նախագահական ժողովրդավարության ակներև  ներկայացուցիչներն են ԱՄՆ-ը, Բելոռուսը, Հայաստանը և Ադրբեջանը:

 

Իրավական պետության սկզբունքը  

Իրավական պետության սկզբունքը ժամանակակից ժողովրդավարական պետությունների հիմնական տարրերից մեկն է, որը լայն ըմբռնմամբ ներառում է ոչ միայն պետության հիմնադրումն ու կառավարումը պատշաճ կարգով ընդունված օրենքներով, այլ նաև այն, որ ընդունած օրենքները պետք է լինեն ռացիոնալ և բովանդակային տեսանկյունից համապատասխանեն երկրի հիմնական օրենքին՝ սահմանադրությանը:

Իրավական պետության սկզբունքը սերտորեն կապված է օրենքի գերակայության հետ: Այդ սկզբունքը երաշխիքն է այն բանի, որ պետական իշխանությունը կաշկանդված կլինի գործող օրենքներով ու մարդու իրավունքներով և դրանով չի ունենա ինքնակամության, մարդու իրավունքներին  անարդար կերպով միջամտելու հնարավորություն: 

 

Սոցիալական պաշտպանությունն ու նրա երաշխիքները

Հասարակության հանդեպ պետության պարտավորությունների շարքում է նաև հասարակության սոցիալական անվտանգության ապահովումը: Հենց այդ նպատակով են պետություններում  ստեղծվում սոցիալական պաշտպանության ինստիտուտներ, որոնք ազգային եկամուտի բաշխմամբ ձգտում են ապահովել բնակչության կյանքի մակարդակի ու որակի սահմանված չափորոշիչները՝ բնակչության անաշխատունակ և ավելի քիչ եկամուտ ունեցող հատվածի համար սոցիալական համերաշխության սկզբունքն իրականացնելով 6:

Սոցիալական պաշտպանության համակարգի բաղկացուցիչ մասերն են սոցիալական ապահովագրությունն ու սոցիալական օգնությունը: Առաջինը հիմնականում ենթադրում է առողջության և աշխատազուրկ անձանց ապահովագրությունը, որոնց առկայության նպատակն է այն հնարավոր վտանգների նվազեցումը, որոնք կապված են գործազրկության, առողջական խնդիրների, սահմանափակ կարողությունների, արտադրական վնասվածքների, ծերության հետ և այլն: 

Ինչ վերաբերում է սոցիալական օգնությանը, այն ենթադրում է պետական բյուջեում գոյություն ունեցող դրամական միջոցների փոխանցմանը այն մարդկանց կամ ընտանիքներին, որոնք սոցիալապես անապահով են: Այս կարգին են պատկանում միայնակ ծնողները, անօթևանները, ֆիզիկական թերություններ ունեցողները, հոգեկան հիվանդները և այլն:

Հատկանշական է, որ Վրաստանում գործում է օրենք սոցիալական օգնության մասին, որի նպատակն է «սոցիալական օգնության կուռ համակարգ ձևավորելով՝ բնակչությանն  ապահովել արդար, նպատակային և արդյունավետ օժանդակությամբ»: Միաժամանակ այդ օրենքը տարածվում է «Վրաստանում օրենքի  հիման վրա մշտապես բնակվող, հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց, աղքատ ընտանիքների և անօթևանների վրա, եթե նույն օրենքով չի հաստատվել այլ բան»:   

Ինչ վերաբերում է օրենքի սոցիալական օգնության տեսակներին, այս նույն օրենքի համաձայն, դրանք են՝ կենսապահովման նպաստը, ռեինտեգրացիայի (վերամիավորում) աջակցությունը,  խնամակալության փոխհատուցումը, չափահասի նկատմամբ ընտանեկան խնամքի փոխհատուցումը, ոչ դրամական սոցիալական օգնությունն ու սոցիալական փաթեթը: 

Եթե դասի վերաբերյալ մեկնաբանություններ, հարցեր կամ խորհուրդներ ունեք: Գրե՛ք մեզ